Food photography՝ լուսանկարչական այս ուղղվածությունն այսօր շատերին է ծանոթ և ակտուալ: Կարեն ջանիբեկյանի որդին՝ լուսանկարիչ Գուրգեն Ջանիբեկյանը, դեռ 4 տարի առաջ է սկսել իր գործունեությունն այս ուղղությամբ: Նա փաստում է՝ ուտեստ նկարելը նույնքան բարդ է և տեխնիկապես հատուկ մոտեցում է պահանջում: Tert.am Life-ի հետ զրույցում  լուսանկարիչը պատմել է մասնագիտական  գործունեության, արվեստագետների ընտանիքում մեծանալու և նոր նախագծի մասին:

Գուրգենը Կարեն Ջանիբեկյանի ավագ որդին է: Ավարտել է Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետը: Մասնագիտությամբ դոկումենտալիստ, ռեժիսոր-օպերատոր է: Ասում է՝ արվեստագետների ընտանիքում մեծանալը մեծապես ազդել է մասնագիտական կողմնորոշման վրա:

«Իմ մասնագիտությունը ծնողներս են ընտրել, ոչ թե ես, ինչի համար շատ շնորհակալ եմ: Փոքր ժամանակ ես լավ նկարում էի, բայց որոշեցին նկարչության փոխարեն օպերատորությունն ընտրել ինձ համար: Այն ժամանակ մտածում էին, որ օպերատորի մասնագիտոթյունը եկամտաբեր է: Իմ մասնագիտական ճանապարհին, իհարկե, մեծ դերակատարում ունեցավ Ալբերտ Յավուրյանը: Նա իմ վարպետն է եղել, ինչի համար ես շատ հպարտ եմ, ուրախ ու շնորհակալ»,- հիշում է Գուրգենը:

 

Նա նշեց, որ կրտսեր եղբոր՝ Սոս Ջանիբեկյանի հետ մասնագիտական հարցեր չեն քննարկում, քանի որ կադրի հակառակ կողմերում են աշխատում: Գուրգենը նկարահանել է երկու կարճամետրաժ ֆիլմ՝ «Պեպիտտոն» և «Վերջը դա սկիզբն է», որը 2012-ին  «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնում արժանացել է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության «Նուարդ» մրցանակին: Մոտ 15 տարի լուսանկարչության ոլորտում է, իսկ վերջին տարիներին առավել խորացել է Food photography-ի մեջ:

«Չորս տարի է` զբաղվում եմ Food photography-ով: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ դուրս եկա աշխատանքից։ Գործազուրկ մնալն ինձ ստիպեց մի նոր բան «բստրել»:) Ես սկսեցի ուտեստներ նկարել ու վիդեոբաղադրատոմսեր անել, որն այդ ժամանակ դեռ չկար Հայաստանում: Ինտերնետում փորփրեցի, վարպետության դասեր նայեցի ու խորացա դրա մեջ: Food photography-ն շատ նրբություններ ունի իր մեջ: Օրինակ միսն ունի նկարելու իր յուրահատկությունը, պաղպաղակը՝ իր»,– պատմեց նա։

Գուրգենն այժմ համագործակցում է տարբեր սրճարանների ու ռեստորանների հետ, նկարում նրանց ճաշացանկի ուտեստները: «Սկզբում դռնեդուռ էի ընկնում, առաջարկում համագործակցել, հետո կամավորների թիմ հավաքեցի այդ աշխատանքով զբաղվելու համար, բայց դա էլ չօգնեց: Մինչև մի օր ինձ զանգեցին, առաջարկեցին նկարել և այդպես մի գործից մյուսն առաջ եկավ: Մեկ օրվա ընթացքում 5 ուտեստից ավելի չեմ նկարում, քանի որ ամեն ուտեստ մոտ ժամ ու կես աշխատանք է պահանջում: Բախտս բերել է, որ գործից հասկացող մարդկանց հետ եմ աշխատել, որոնք գնահատում են իմ արածը»,- ասաց Գուրգենը:

Նա ունեցել է լուսանկարչական իր անհատական ցուցահանդեսը, իսկ առաջիկայում ծրագրում է նոր նախագիծ սկսել. «Միկրո լուսանկարների շարք եմ ուզում անել, որն այստեղ դեռ չի արվել: Այդ ֆոտոշարքում ցույց ենք տալու այն ամենը, ինչ մենք չենք տեսնում օրինակ՝ արյան, լոլիկի, խնձորի մեջ: Արդեն մեկ տարի է` հովանավորներ ենք փնտրում, տեսնենք, ինչպես կստացվի»,-եզրափակեց նա:

 

Հեղինակ Անահիտ Հակոբյան