Ես և ընկերուհիներս որոշեցինք օգնել մեր քաղաքում բնակվող անապահով բազմազավակ ընտանիքին: Նրանց մասին խոսում էին լուրերի ընթացքում, խնդրում էին օգնել ով ինչով կարող է: Մենք ընկերուհիներով սկսեցինք նրանց համար օգնություն հավաքել: Նրանք սպասում էին իրենց իններորդ բալիկին: Մենք ջանք չխնայեցինք, հավաքեցինք հագուստ, դիմեցինք մի շարք ընկերությունների, որոնք սննդամթերք տրամադրեցին:  Ես հայտարարություն տվեցի համացանցում և շատ արձագանքողներ եղան:  Այնքան մթերք, հագուստ, տնային պարագաներ, նորածնին անհրաժեշտ պարագա   հավաքվեց, որ մենք ստիպված եղանք փոքր բեռնատար վարձել:   Կիրակի առավոտյան բեռնատար մեքենան իմ մեքենայի ուղեկցությամբ կանգնեց նրանց տան առջև: Մեզ թվում էր, որ  այդ ընտանիքում շատ կուրախանան  օգնություն ստանալու հաար: Տան դուռը բացեց  ընտանիքի մայրը:  Ես նախօրոք զանգահարել էի նրան և ասել էի, որ ցանկանում ենք օգնել իրենց ընտանիքին, սակայն չէի ասել թե ինչ օգնություն ենք տանում:

- Դե ինչ, եկա՞ք, - հարցրեց նա, - բերեցի՞ք:

Ես անկեղծ ասած  զարմացա նրա ընդունելությունից, ես մտածում էի, որ հիմա նա կհուզվի, հետո մտածեցի, որ երևի  նրան դժվարություններն  են այդքան կոպիտ դարձրել:

- Իհարկե, բերեցինք, չէ որ խոստացել էինք, - ասացի ես ու այդ ընթացքում ընկերուհիներս սկսեցին մեքենայից ցած իջեցնել բերված ապրանքը:

Այդ պահին կինն աչքերը խոժոռեց ու  ասաց.

- Ի՞նչ է սա, այս ի՞նչ եք բերել:

- Ձեզ համար հագուստ, մթերք, տան պարագաներ, նոր ծնվող բալիկի համար անհրաժեշտ պարագաներ, մանկական սայլակ և այլն:

- Այս ինչեր են, բոլորն օգտագործված, հնոտիք եք բերել,  ձևացնում եք իբր օգնում եք մարդկանց, երևի նոր իրերը ձեզ եք վերցրել, օգտագործված իրերը մեզ եք բերել:

- Ի՞նչ եք ասում,  նոր իրեր  էլ կան, այստեղ հնամաշ իրեր չկան:

- Եվ հետո, ես կարծում էի, որ դուք  գումար կհավաքեք մեզ համար, այս ամենը ես էլ կարող եմ գնել: Ինձ փող բերեք, եթե ցանկանում եք օգնել:

Ես ապշած նայում էի նրան,  նրա տանից ահավոր  վատ հոտ էր գալիս, երևի այդ տան մաքրությամբ  վերջին անգամ  անհիշելի ժամանակներում էին զբաղվել, երեխաները ահավոր վիճակում էին, կեղտոտ, պատառոտված հագուստով: Ես խղճացի նրանց, որ այդպիսի մայր ունեին, որը գերադասում էր փող վերցնել, սակայն չէր ուզում երեխաների համար անհրաժեշտ մթերք ու հագուստն ընդունել, Խղճացի դեռ չծնված բալիկին, որ պիտի ապրեր այդպիսի պայմաններում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն